1 նոյեմբերի 2018 - 14:38 AMT
Փաշինյան. 6 ամսում 13,000-ով ավելի մարդ է ժամանել ՀՀ, քան մեկնել է

Շարունակվում են Հայաստան ներգաղթի միտումները: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ունեցած ելույթում:

Նա հավելել է, որ վերջին 6 ամսում՝ 2018-ի մայիսի 1-ից մինչ օրս Հայաստան ժամանողները 13,000-ով ավելի են եղել երկրից մեկնողների թվից:«2017-ին նույն ժամանակաշրջանում մեկնածների թիվը 9000-ով ավելի է եղել, քան եկողներինը»,- ասել է նա:

Ըստ վարչապետի պաշտոնակատարի, աճել է առաջին անգամ Հայաստան այցելող հայրենակիցների թիվը: Նա նշել է նաև, որ օր օրի վստահությունը Հայաստանի հանդեպ աճում է:

2018-ի հունվար-հունիսին Հայաստան օդային ճանապարհով ժամանած ուղևորների թիվը 21,404-ով գերազանցել է նույն ժամանակահատվածում մեկնածների թվին: ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա վեց ամսում օդային ճանապարհով Հայաստան է եկել 614,178 ուղևոր, մեկնել՝ 592,774 ուղևոր:Հաշվետու ժամանակահատավածում «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ուղևորների թիվը կազմել է554.359, ժամանածներինը՝576,505: «Շիրակի» օդանավակայանից մեկնածների թիվը կազմել է38,415, ժամանածներինը՝37,673:

2017-ի հունվար-հունիս ամիսներին օդով մեկնող-ժամանողների բացասական սալդո է գրանցվել. երկրից մեկնել է 550,775 ուղևոր, ժամանել է՝ 543,232: