2 նոյեմբերի 2018 - 09:53 AMT
Արտահերթի քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները ցուցկաները պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ն: Այս մասին ԿԸՀ արտահերթ նիստում հայտնել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նա նշել է նաև, որ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը։

Նիստում որոշվել է նաև տարածքային ցուցակներում կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից առաջադրվող թեկնածուների թիվը։ Դրանք տվյալ տարածքի յուրաքանչյուր 15,000 քաղաքացու հաշվարկով կարող են առաջադրել մեկ տարածքային թեկնածու։

Ըստ գործող Ընտրական օրենսգրքի՝ ընտրություններին առաջադրվելու ժամկետը մեկնարկում է նոյեմբերի 2-ից:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել:

Ավելի վաղ խորհրդարանն երկու անգամ անընդմեջ չի ընտրել վարչապետ և արձակվել է իրավունքի ուժով: