2 նոյեմբերի 2018 - 12:25 AMT
Ռիդլի Սքոթը «Գլադիատորի» շարունակությունը կնկարահանի

Բրիտանացի ռեժիսոր Ռիդլի Սքոթը կնկարահանի հանրահայտ «Գլադիատոր» ֆիլմի շարունակությունը: Նշվում է, որ նախագծին չի մասնակցելու առաջին ֆիլմի գլխավոր դերակատար Ռասսել Քրոուն, որը մարմնավորել էր գեներալ Մաքսիմուսի կերպարը, գրում է ՌԻԱ Նովոստին The Hollywood Reporter-ի վրա հղումով:

Աշխատանքը ֆիլմի վրա արդեն սկսվել է, սակայն ամենավաղ փուլում է: Կինոարտադրությամբ կզբաղվի Paramount Pictures ստուդիան, իսկ սցենարը, հավանաբար, կգրի Փիթեր Քրեյգը, որը հայտնի է «Քաղցած խաղեր» եռապատման 2 ֆիլմերի վրա աշխատանքով:

Ինչպես ակնկալվում է, սիքվելում խոսքը գնալու է Լուցի անունով տղայի մասին, որին առաջին ֆիլմում փրկեց Մաքսիմուսը:

Մեծ ճանաչում ստացած պատմական «Գլադիատոր» ֆիլմը էկրան է բարձրացել 2000թ. մայիսին: Ընդհանուր առմամբ ֆիլմը 5 Օսկար է նվաճել՝ այդ թվում ստանալով մրցանակը տարվա լավագույն ֆիլմի և տղամարդու լավագույն դերակատարման համար: Ֆիլմը համաշխարհային վարձույթում ավելի քան 457 մլն դոլար է հավաքել: Ֆիլմում հնչում է Ջիվան Գասպարյանի դուդուկը: