2 նոյեմբերի 2018 - 11:55 AMT
Թունդ ալկոհոլի գովազդը կարգելվի. Սպառման կառուցվածքում այն գերակշռում է

Գովազդի մասին օրենքում փոփոխություններով նախատեսվում է սահմանափակել ալկոհոլի գովազդը՝ կրճատելով դրա սպառումը թիրախային խմբերի շրջանում, նվազեցնելով հնարավոր բացասական ազդեցությունը բնակչության առողջության վրա։ Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Կարգելվի զանգվածային տեղեկատվության միջոցներով թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) գովազդը՝ բացառությամբ տեղական արտադրության կոնյակի: Գործող օրենքով արգելվում էր թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը միայն ժամը 06:00-22:30-ը:

Համաձայն ԱՀԿ տվյալների, Հայաստանում 2014 թվականին ալկոհոլի սպառումը 15 և բարձր տարիքային խմբում կազմել է 3.9 լիտր մաքուր ալկոհոլ մեկ շնչի հաշվով, որը զգալի ցածր է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրների ցուցանիշից` 8.6:

Մաքուր ալկոհոլում պարունակվող սպիրտի օգտագործման ցուցանիշը կազմելով 3.3 լիտր մեկ շնչի հաշվով՝ գերազանցում է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրների համանուն ցուցանիշը` 2.5, ընդ որում եթե Եվրոպական երկրներում արձանագրվում է ցուցանիշի կայուն նվազման միտում, ապա Հայաստանում այն ունի բացասական դինամիկա` գերազանցելով օրինակ, Վրաստանի (2.1) և Մոլդովայի ցուցանիշները (2.5):

Շեշտակի ցածր է գինու ու գարեջրի սպառումը. գինու սպառումը Հայաստանում կազմում է 0.1 լիտր մաքուր ալկոհոլում 15 և բարձր տարիքի մեկ շնչի հաշվով` Վրաստանում` 2.5, Մոլդովայում` 4.9, ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրներում 2.4, իսկ գարեջրինը` Հայաստանում` 0.5 լիտր 15 և բարձր տարիքի մեկ շնչի հաշվով` Վրաստանում` 1.5, Մոլդովայում` 1.9, ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրներում` 3.4: Տվյալներից ակնհայտ է, որ թեև Հայաստանում ակլոհոլի սպառման ծավալները համեմատաբար մեծ չեն, սակայն մտահոգիչ է, որ սպառման կառուցվածքում գերակշռում է թունդ ալկոհոլը:

Վերջին տասնամյակում տնային տնտեսությունների անվանական սպառողական ծախսերի կառուցվածքում նկատվում է ալկոհոլային խմիչքների վրա ծախսվող գումարների աճ. եթե 2015-ին տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական ծախսը ալկոհոլային խմիչքների ձեռքբերման վրա կազմել է 237 դրամ, ապա 2016-ին այն հասել է 244 դրամի:

Ալկոհոլի սպառման` ըստ բարեկեցության խմբերի IV (18.8%) և III (19.0%) քվինթիլներում ցուցանիշի արժեքն ավելի բարձր է, քան ցածր բարեկեցությամբ խմբում (13.5%): Ըստ կրթամակարդակի, ալկոհոլի օգտագործման դիտարկվող ցուցանիշն ավելի բարձր է միջին մասնագիտական կրթությամբ անձանց մոտ (21%), որին հետևում են միջնակարգ 16.7%) և թերի բարձրագույն (16.2%) կրթությամբ անձինք: Այն ամենացածրն է բարձրագույն (13.6%) և միջնակարգից ցածր (11.1%) կրթամակարդակ ունեցող անձանց խմբերում: