2 նոյեմբերի 2018 - 16:48 AMT
Գագիկ Հարությունյան․ Նախագահների անձեռնմխելիությունը բացարձակ չէ

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրությամբ պաշտոնաթող նախագահի համար սահմանված անձեռնմխելիությանը, ասել է, որ այն բացարձակ չէ, հայտնում է «Առավոտ» օրաթերթը:

«Բացարձակ ոչինչ չկա, իսկ Սահմանադրությունը «բացարձակ անձեռնմխելիություն» բառը չի օգտագործում: Սահմանադրությունը հստակ ասում է, որ անձեռնմխելիությունը տարածվում է նաև պաշտոնաթողությունից հետո՝ իր պաշտոնեական պարտականությունների կատարմանն առնչվող հարցերի վրա: Իսկ դա նշանակում է, որ անձեռնմխելիությունը բացարձակ չէ», - ասել է նա:

Ավելի վաղ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից. նրա պաշտպանները պնդում են՝ պաշտոնաթող նախագահը Սահմանադրությամբ ամրագրված անձեռնմխելիություն ունի և չի կարող ենթարկվել քրեական հետապնդման` իր կարգավիճակից բխած գործողությունների համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Քոչարյանին՝ ՀՀ զինված ուժերի ներգրավմամբ Սահամանադրության կարգը տապալելու համար:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: Այս օրը Երևանում 10 մարդ է սպանվել: