2 նոյեմբերի 2018 - 17:30 AMT
Պոպով. Իրավիճակը շփման գծում քիչ թե շատ կայունացել է

Իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի սահմանին «քիչ թե շատ կայունացել է»: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

«Այսօր ավարտին է մոտենում մեր այցը՝ մենք եղանք Երևանում, Լեռնային Ղարաբաղում, հիմա Բաքվում ենք: Մենք հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի, Ադրբեջանի նախագահի, երկու երկրների պաշտպանության նախարարների: Մենք շուտով կհանդիպենք Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Ուշադրության կենտրոնում են ղարաբաղյան գործընթացի հետ կապված հարցերը: Մասնավորապես, մենք քննարկել ենք խոսակցությունը, որ ունեցել են երկու երկրների ղեկավարները Դուշանբեում: Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել և կյանքի են կոչվում այժմ: Ես նկատի ունեմ իրավիճակը շփման գծում, սահմանին, որը քիչ թե շատ կայունացել է, խոսել են կապի վերաբերյալ, որը հաստատվել է Երևանի և Բաքվի միջև»,-ասել է Պոպովը լրագրողներին:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել է «օպերատիվ կապ հաստատել»: Բաքվում հավելեցին, որ Ալիևն ու Փաշինյանը հավատարմությունն են հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին: