2 նոյեմբերի 2018 - 17:40 AMT
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը կքննարկեն Աստանայում

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակումը կքննարկեն Աստանայի գագաթնաժողովում, որը կայանալու է նոյեմբերի 8-ին: Այդ մասին հայտնել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

«Կարող եմ ասել միայն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվելու է Աստանայում կայանալիք գագաթնաժողովում,-հայտարարել է Եղոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական կողմը նոր թեկնածություն է առաջադրելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, գրում է ՏԱՍՍ-ը:

Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով:

Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի:ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։