3 նոյեմբերի 2018 - 16:21 AMT
Արամի 23-ի հուշարձան-կառույցի պահպանման 4-րդ նախագիծն է մշակվում

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մշակում է Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցի պահպանման 4-րդ նախագիծը: Այս մասին հայտնում է կոմիտեի ֆեյսբուքյան էջը:

«Այս պահին մշակվում է շենքի պահպանման 4-րդ նախագիծը, որի աշխատանքների համար ներդրողը պատրաստակամություն է հայտնել վճարել: Մշակվող նախագծի և «Հին Երևան» ծրագրի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին կտեղեկացնենք մոտ ապագայում»,-ասված է գրառման մեջ:

Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցը փրկելու համար 3 վերականգնման նախագիծ է արվել: Առաջինը, որը մշակել էր «Հին Երևան» նախագծի ճարտարապետը, քննարկման արդյունքում մերժվել էր Մշակույթի նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի կողմից, որովհետև համարվել էր վտանգավոր՝ կառույցի ամբողջականության համար: Շենքի պահպանման 2-րդ և 3-րդ նախագծերը մշակվել էին նախագծող ճարտարագետի և ԱԻՆ մասնագետի կողմից, սակայն նույնպես չեն արժանացել գերատեսչությունների հավանությանը: