5 նոյեմբերի 2018 - 14:45 AMT
«Կոմերսանտ». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կարող է նշանակվել Բելառուսի ներկայացուցիչը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը: Այդ մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտը» սեփական աղբյուրների վրա հղումով: Պարբերականը նշում է, սակայն, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը վերջնական լուծում կստանա նոյեմբերի 8-ին կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, որն անցնելու է Աստանայում:

Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով:

Պարբերականը, հղում անելով կազմակերպության անդամ 3 երկրի դիվանագիտական աղբյուրների վրա, նշում է, որ ամենայն հավանականությամբ, ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը՝ 3 տարի ժամկետով:

Ըստ «Կոմերսանտի» զրուցակիցներից մեկի, սկզբում քննարկվում էր այն տարբերակը, որ 1,5 տարով (այդքան էր մնացել Յուրի Խաչատուրովին պաշտոնավարելու համար) պաշտոնակատար նշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, որը ստանձնել է պարտականությունները Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո: Սակայն, հետո որոշվեց լիարժեք ղեկավար նշանակել:

Ըստ ՀԱՊԿ կանոնակարգի գլխավոր քարտուղարը նշանակվում է 3 տարով: ՀՀ ներկայացուցիչ Խաչատուրովը գլխավորում էր կազմակերպությունը 2017-ի ապրիլից, ուստի Երևանը հուսով է, որ կպահպանի պաշտոնը կազմակերպությունում և այլ թեկնածու կառաջադրի հետ կանչված Խաչատուրովի փոխարեն: Սակայն, ըստ աղբյուրի, որոշվել է ղեկավարվել ռոտացիայի սկզբունքով, որի համաձայն, ըստ այբբենական կարգի, պաշտոնը պետք է ստանձնի Բելառուսը:

Առավել հավանական թեկնածու է համարվում Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարի Ստանիսլավ Զասը: 54-ամյա գեներալ-մայորը գլխավորում է Բելառուսի Անվտանգության խորհուրդը 2005-ից, նա լավ է ծանոթ ՀԱՊԿ աշխատանքին:

Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի:ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։