5 նոյեմբերի 2018 - 17:09 AMT
Շանթ Հարությունյանն առաջիկայում ազատության մեջ կլինի

«Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող, 2013 թվականին «Անոնիմուսների շքերթի» ընթացքում տեղի ունեցած բախումներից հետո կալանավորված և 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանն առաջիկա օրերին կլինի ազատության մեջ։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։

Հարցին, թե արդյոք Շանթ Հարությունյանի համար ընդունելի տարբերակ է համաներմամբ դուրս գալը բանտից, Շահեն Հարությունյանը պատասխանել է, որ իր հայրը «չէր ցանկանա որևէ թուղթ ստորագրել, որով կընդուներ իր մեղքը»:

Նեյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը։

Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի մոտ 6500 անձի վրա, 650 դատապարտյալ ազատ կարձակվի, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։