6 նոյեմբերի 2018 - 13:24 AMT
Օսիպյանը կիսում է համաներմամբ «Սասնա ծռերին» ազատելու վերաբերյալ զոհվածների հարազատների կարծիքը

Յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ դա իր կարծիքն է որպես իրավապահ համակարգի ներկայացուցչի:

Անդրադառնալով «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհվածների հարազատների կարծիքը համաներումով «Սասնա ծռերին» ազատելու վերաբերյալ՝ Օսիպյանն ասել է, որ կիսում է նրանց կարծիքը, հայտնում է Aysor.am-ը:

«Ես կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունը, նրանց կարծիքը։ Մենք կորցրել ենք ընկերներ, մեր լավագույններին ու այս պահի դրությամբ համաներման տեքստում նշված է, որ թե′ պատանդների կարծքիը, թե′ զոհվածների հարազատների պետք է հաշվի առնել», - ասել է Վալերի Օսիպյանը՝ հիշեցնելով, որ ինքն էլ այդ դեպքերի ժամանակ պատանդ է եղել ու իր կարծիքն էլ պետք է հաշվի առնել։

Լրագրողների դիտարկմանը, որ «Սասնա ծռերից» Պավլիկ Մանուկյանը պնդում է, որ Վալերի Օսիպյանն այդ օրերին պատանդ չի եղել, պարզապես մնացել է ներսում իրենց հետ, ոստիկանապետն արձագանքել է. «Էլ բան ու գործ չունե՞ի, 7-8 օր մնացել եմ էնտեղ՝ գործերս թողած»։

Նա նշել է, որ համաներման վերաբերյալ իր կարծիքն արտահայտել է կառավարության դռնփակ նիստում։ «Ես բավարարված եմ համաներման տեքստով», - ասել է Վալերի Օսիպյանը:

«Միանշանակ ռիսկեր կան, որ համաներումից հետո մենք կունենանք կրկնահանցագործություններ, բայց ես ողջունում եմ համաներումը, դա մարդասիրական մոտեցում է։ Չեմ բացառում նաև, որ շատերն ուղղվել են», - ամփոփել է ոստիկանապետը։

Նեյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը։

Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի մոտ 6500 անձի վրա, 650 դատապարտյալ ազատ կարձակվի, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։