6 նոյեմբերի 2018 - 14:15 AMT
Արցախում մարտավարական զորավարժություններ են

Նոյեմբերի 6-ին Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մեկնարկել են մարտավարական զորավարժություններ, որոնք կշարունակվեն մինչև նոյեմբերի 10-ը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում է հայտնել ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։

Նշվում է, որ տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառման նպատակն է կատարելագործել ընդգրկված ուժերի և միջոցների մարտական ներդաշնակության մակարդակը, ստուգել զորամասերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունն ու նոր հաստիքապաշտոնային կառուցվածքի պայմաններում զորքերի մարտական կիրառման արդյունավետությունը:

«Չորս փուլով անցկացվող զորախաղերի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի հրամանատարների և կառավարման մարմինների գործնական ունակությունների բարձրացման և ժամանակակից մարտում ստորաբաժանումների, զորատեսակների ու ծառայությունների միջև նպատակային փոխգործողության իրականացման վրա: Ավարտական փուլում կխաղարկվի «Մխրճված հակառակորդի ջախջախումը, առաջնագծի վերականգնումը, հարձակման զարգացումը և բարենպաստ բնագծերի գրավումը» թեմայով մարտական հրաձգությամբ զորավարժություն»,-ասվում է գրառման մեջ: