6 նոյեմբերի 2018 - 14:26 AMT
ԱԳՆ. Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն ՀՀ համար

Հայաստանի համար Իրանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Իրանի դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցներին:

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, որոնց երկրորդ փաթեթն ուժի մեջ է մտել նոյեմբերի 5-ին:

«Ուշադրությամբ հետևում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն իր հերթին խորհրդարանում 2019-ի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի հարաբերությունները որևէ երկրի հետ չեն զարգանում երրորդ երկրների հետ հարաբերությունների հաշվին: «Մենք փոխգործակցությունը Իրանի հետ չենք իրականացնում ԱՄՆ-ի հետ մեր գործընկերության հաշվին: Դա պահանջում է բավականին մեծ կենտրոնացում՝ դիվանագիտական, քաղաքական, նաև տնտեսական փոխգործակցության տեսանկյունից, մանավանդ, երբ ուժի մեջ են միջազգային պատժամիջոցները»,- նշել է նա:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Իրանի շուրջ «օղակը սեղմելու» մասին հայտարարությանը, ասել է, որ վերջինիս հետ հանդիպմանն ասել է, որ Իրանի և Վրաստանի հետ ՀՀ-ի առանձնահատուկ հարաբերությունները դուրս են աշխարհաքաղաքական որևէ ազդեցությունից: