7 նոյեմբերի 2018 - 10:32 AMT
Բիչախչյան. Համաներմամբ ազատ արձակվածներին կոչ ենք անում գալ անձնագրային

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը կոչ է անում համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին ներկայանալ անձնագրային ծառայություն: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Նա նշել է, որ դա հարկավոր է ըստ բնակության վայրի հաշվառվելու համար, որպեսզի հնարավոր լինի անխոչընդոտ իրացնել առաջիկա ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցելու իրավունքը:

«Հիշեցնում ենք, որ ազատազրման ձևով պատիժ կրող անձանց տվյալները հանվում են ըստ բնակության վայրի հաշվառումից և անձը հաշվառվում է քրեակատարողական հիմնարկի հասցեով: Ըստ այդմ, վերջինիս տվյալները չեն ըդգրկվում ընտրողների ցուցակում»,-ասվում է հայտարարության մեջ:

Նոյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը։

Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի մոտ 6500 անձի վրա, 650 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։