7 նոյեմբերի 2018 - 12:35 AMT
Գյուղնախարարի պաշտոնակատար. Կարկուտից տուժած գյուղացիները հատուցում կստանան

Գյուղատնտեսության նախարարությունը բնական աղետներից պաշտպանության համակարգ է մշակում: Այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Անդրադառնալով կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու և թունաքիմիկատների որակի և գնի հետ կապված հարցերին՝ նախարարի պաշտոնակատարն ասել է.«Հատուցում լինելու է, և հատուցման չափը արդեն սահմանված է, կառավարության որոշումը կհրապարակվի, և հատուցումը տեղ կհասնի գյուղացիական տնտեսությանը։ Բնական աղետներից պաշտպանության համակարգ է մշակվում, փորձում ենք արդյունավետությունը հասկանալ, որը կկանխարգելի ռիսկերը, ներդրվում է ապահովագրական համակարգը, որը վնասների հատուցման հստակ մեխանիզմ կսահմանի։ Այս տարի մենք իրականացնելու ենք պիլոտը՝ կոնկրետ մշակաբույսի և երկու կամ երեք մարզի տարածքում, աշխատելու պարագայում՝ գնահատելով խնդիրները, մենք կզարգացնենք այս ծրագիրը»։

Նա հավելել է նաև, որ թունաքիմիկատների շուկայի կարգավորման հարցով նախարարությունը զբաղվում է, ինչ վերաբերում է թունաքիմիկատների գնին՝ չի կարծում, որ պետությունը պետք է գնային քաղաքականությանը միջամտի, քանի որ դա մասնավոր հատված է։ «Եթե մենք օրենսդրական դաշտում ճիշտ կարգավորում տանք, շուկան մրցակցային է՝ կլինի և՛ էժան, և՛ թանկ, տարբեր որակի, տարբեր տեսակի քիմիկատներ»,-ասել է պաշտոնակատարը։

Գեղամ Գևորգյանը հավելել է նաև, որ նախարարությունն ունի տեսլական առաջիկա 5-10 տարվա համար: Ռազմավարությունն ունենալու է հստակ թվային պատկեր, թե ուր են գնում, և հինգ-տասը տարի հետո հասարակությանը ցույց են տալու, թե որտեղ է հասնելու գյուղատնտեսությունը։

«Գերխնդիրներն են՝ հողերի օգտագործման ծավալների ավելացումը, դրա համար հստակ մեխանիզմներ են նախատեսվելու, որը հնարավորություն կտա մասնավոր սեկտորին չօգտագործված հողերն օգտագործել։ Գերխնդիր է ռեգիստրի վարումը գյուղատնտեսական, որպեսզի մենք հստակ պատկեր ունենանք գյուղատնտեսությամբ զբաղվողների վերաբերյալ, որոնք ավելացված արժեք են ստեղծում, գերխնդիր է մեզ համար արդյունավետության բարձրացումը, ժամանակակից նոր տեխնոլոգիաների կիրառումը:

Այս անգամ մեր մատնանշած ռազմավարությունն ունենալու է հստակ թվային պատկեր, թե մենք ուր ենք գնում, որը հնարավորություն կտա հասարակությանը վերահսկելի դարձնել։ Այսինքն՝ մենք տասը տարի հետո, կամ հինգ տարի հետո ձեզ ցույց ենք տալու, թե որտեղ է հասնելու մեր գյուղատնտեսությունը։ Ունենալու է իր հստակ արդյունքը, պատկերը, և, բնականաբար, դա բաժանվելու է տարիների։ Հասարակությունը հնարավորություն է ունենալու հետևելու, թե մենք կոնկրետ որտեղ ենք և ինչքան գումար ենք ծախսել դրա համար», - ասել է Գեղամ Գևորգյանը։

Ավելի վաղ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հայտարարել էր, թե կարկուտից տուժած գյուղացիներն, ի տարբերություն նախորդ տարիների, փոխհատուցում կստանան կանխիկ գումարով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր: «Ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման համար տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, 2% տոկոսադրույքով սուբսիդավորված վարկեր: Շուտով Հայաստանում կսկսի աշխատել իտալական տեխնոլոգիաներվ աշխատող կարկտապաշտպան ցանցեր արտադրող գործարանը։ Վստահ եմ, որ գներն ավելի ցածր կլինեն քան ներմուծվող ցանցերինը», - ասել էր նախարարը: