7 նոյեմբերի 2018 - 16:46 AMT
ID քարտը որպես կուտակային օգտագործելը պարտադիր չի լինի

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններով 2020 թվականից կուտակային դարձող ID քարտի կիրառությունը գնումների ընթացքում պարտադիր չի լինի։

«Քաղաքացին ինքը կորոշի՝ որևէ գնում կատարելիս տրամադրել քարտը, թե՝ ոչ։ Եթե անձը չի ցանկանա որևէ գնում կատարելիս նույնականացվել, ապա թող չտրամադրի քարտը», - ասել է Անանյանը՝ անդրադառնալով հանրության շրջանում այն մտահոգությանը, թե հնարավոր է՝ նոր համակարգի ներդրմամբ ոտնահարվի մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

Նա հավելել է, որ յուրքանչյուր տարվա ավարտից հետո հարկային մարմինը կհաշվարկի քաղաքացու գնումները, և կատարած գնումներին համապատսախան տոկոս կվերդարձնի նրան։

«Եթե քաղաքացին իր անվան դիմաց չի ունենա գնումներ, տոկոսադրույքի վերադարձ չի լինի, ընտրությունը քաղաքացունն է», - ասել է Անանյանը։

Հարկային օրենսգրքում փոփոխություններով, ID քարտերը (հանրային ծառայությունների համարանիշ) կուտակային կդառնան. տարեկան կտրվածքով կատարված առևտրից քարտատիրոջը տոկոս կվերադարձվի (cashback):