7 նոյեմբերի 2018 - 18:18 AMT
ՀՀ-ում 184 փոքր ՀԷԿ-ից 143-ը շահագործվել է խախտումներով. Քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ՀՀ տարածքում գործող փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԷՑ առաքման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը. պարզվել է՝ երկրում գործող 184 փոքր ՀԷԿ-ից 143-ը տարիներ շարունակ շահագործվել է խախտումներով, հայտնում է ՀՀ ԳԴ հանրային կապերի բաժինը։

Ուսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչապետին։

ՀՀ վարչապետի 2018 թվականի․ սեպտեմբերի 5-ի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից իրականացված ուսումնասիրությունների, ստուգումների և հսկողական գործառույթների արդյունքում պարզվել է, որ ՀԷԿ-երից 147-ի շահագործման լիցենզիան տրվել է մինչև 2014թ.-ը։

143-ում բացակայել են ջրաչափական սարքերը, ինչը հակասել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջներին: Որոշ դեպքերում փոքր ՀԷԿ-երում չեն պահպանվել բնապահպանական թողքերի ծավալները՝ մի քանի անգամ խախտելով թույլատրված չափաքանակները, ինչպես նաև գետի հունում բացակայել են ձկնապաշտպան կառույցները և ձկնանցարանները, իսկ առկայության դեպքում, չեն ծառայել իրենց նպատակներին: Արձանագրվել են նաև ջրօգտագործման թույլտվություններով տրված ջրառի չափաքանակների բազմակի անգամ գերազանցման փաստեր:

Պարզվել է, որ լիազոր մարմնի` ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, տարիներ շարունակ միջոցներ չեն ձեռնարկել ՀՀ տարածքում շահագործվող շուրջ 143 փոքր ՀԷԿ-երում ջրօգտագործման հաշվառման արդի տեխնոլոգիաների` սարքերի և սարքավորումների ներդրման հետ կապված խախտումների հայտնաբերման, արձանագրման, խախտումների դեպքում օգտագործման թույլատվության կասեցման կամ չեղյալ համարելու, ինչպես նաև ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 63.2 հոդվածով (ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը) նախատեսված տուգանքը` մոտ 29 մլն դրամ նշանակելու և գանձելու ուղղությամբ:

Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացրել ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր ելույթի ընթացքում անդրադարձել է փոքր ՀԷԿ-երում չարաշահումներին. նրա խոսքով, ստուգումների արդյունքում պարզվել է, որ դրանց 95%-ում ջրաչափ տեղադրված չէ: