8 նոյեմբերի 2018 - 10:50 AMT
Պատմության թանգարանում կապահովվի հենաշարժական խնդիրներ ունեցողների տեղաշարժը

Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Հանրապետության հրապարակի 4 հասցեում գտնվող հուշարձանի Պատմության թանգարանի հատվածի ներքին տարածքում փոփոխություններ կիրականացվեն: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում:

Իրականացվելու է մասնակի վերահատակագծում, միջհարկային ծածկերի և աստիճանների կառուցում:

Որոշման նախագծի ընդունման դեպքում, նախատեսվող վերելակն և աստիճանը կապահովեն թանգարանի տարածքների արդյունավետ օգտագործումը, հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց մուտքն ու ելքը, ինչպես նաև շինության ներսում այցելուների ազատ տեղաշարժն ապահովող համապատասխան հարմարություններ կստեղծվեն:

Նշվում է, որ նախագիծը, պահպանելով հանրապետական նշանակության հուշարձանի արժեքը, կնպաստի դրա արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև պատմության թանգարանի շահագործման նորմատիվային պահանջներին համապատասխանեցմանը: