9 նոյեմբերի 2018 - 11:13 AMT
Գյումրիի երկրագիտական թանգարանը կնախագծվի «Երևան, իմ սեր» հիմնադրամի ֆինանսավորմամբ

Գյումրիի երկրագիտական թանգարանի նախագծման բոլոր աշխատանքների ծախսերը կստանձնի «Երևան, իմ սեր» հիմնադրամը: Այդ մասին Գյումրիում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ նա նաև «Երևան, իմ սեր» հիմնադրամի միջազգային խորհրդի նախագահն է:

Նախագահը շրջել է ապագա թանգարանի տարածքում, որտեղ նախկինում տեղակայված է եղել Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը: Թանգարանային չափանիշներին համապատասխանելու համար շենքը հիմնավոր վերանորոգման կարիք ունի, ինչին խոստացել է աջակցել նախագահ Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում նա հիշեցրել է, որ Գյումրի կատարած նախորդ այցի ժամանակ խոստացել էր հետևել երկրագիտական թանգարանի ապագային:

«Ես եկել եմ ապագա թանգարանի շենքը տեսնելու և մտածելու, թե ինչպես կարող եմ օգնել: Իսկ օգնելու տարբեր ձևեր կան՝ անձնապես, ընկերների, բարեգործական ծրագրերի միջոցով: Այս թանգարանը կլինի Գյումրիի գրավիչ կետերից մեկը»,- նշել է նախագահ Սարգսյանը:

«Հավանաբար կարիք կունենանք հիմնադրել նոր բարեգործական կազմակերպություն, որի անունը կլինի «Գյումրի, իմ սեր»,- ասել է նախագահը:

Երկրագիտական թանգարանի ծրագիրն Արմեն Սարգսյանի առաջին նախագիծը չէ Գյումրիում: Նախկինում նրա աջակցությամբ վերանորոգվել էր Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը՝ հայտնի Ձիթողցոնց տունը, որն էլ Հանրապետության նախագահի՝ Գյումրի այցի հաջորդ կանգառն էր: Նախագահին այստեղ ընդունել են հարազատի նման՝ գնահատելով նրա ներդրումը Գյումրու այցեքարտերից մեկը հանդիսացող այս մշակութային օջախի բնականոն գործունեության ապահովման մեջ: «Ինչ- որ իմաստով Ձիթողցոնց տունը իմ անկյունն է, որովհետև իմ մեծ հայրը մի կողմից ձիթողցի է, բուն Ձիթողից, Էրզրումից»,-լրագրողներին խոստովանել է նախագահը: Արմեն Սարգսյանը շրջել է թանգարանում՝ դիտելով ներկայացված և գյումրեցու կենցաղը արտացոլող ցուցանմուշները:

Հանրապետության նախագահին ներկայացվել են թանգարանի ծրագրերն ու առկա խնդիրները, որոնք ևս լուծելու անհրաժեշտություն կա: Նախագահ Սարգսյանը խոստացել է ստեղծվելիք «Գյումրի, իմ սեր» հիմնադրամի միջոցով դրանք ևս լուծելու հնարավորություն գտնել:

Նախագահ Սարգսյանն այցելել է նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոն՝ շրջայցի ընթացքում ծանոթանալով իրականացվող նախագծերին: Կենտրոնում տեղակայված՝ «Թումո Գյումրի» ստեղծարար կենտրոնում նախագահը զրուցել է սաների հետ՝ տեղեկանալով նրանց կողմից կատարվող աշխատանքներին և հետաքրքրություններին: Նախագահն ասել է, որ առաջիկայում ավելի ընդգրկուն ծրագրով ևս մեկ անգամ կայցելի տեխնոլոգիական կենտրոն:

Գյումրու «Արեգակ» սրճարանը, որտեղ այցելել է Հանրապետության նախագահը, յուրօրինակ է իր մթնոլոտով, ծրագրով ու առաքելությամբ: Այնտեղ ստեղծված է օրինակելի մի միջավայր՝ ներառական սրճարան ու փուռ, որտեղ աշխատում են բացառապես հաշմանդամություն ունեցող երիտասարդներ և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ: Սրճարանի աշխատակիցները ջերմությամբ են ընդունել նախագահին և անմիջական զրույցի միջոցով շփվել նրա հետ՝ հյուրասիրելով իրենց իսկ պատրաստած թխվածքաբլիթներով: Հանդիպումից տպավորված՝ նախագահ Սարգսյանը խոստացել է վերստին այցելել սրճարան, որտեղ արդեն իսկ ձեռք է բերել բարեկամներ՝ ի դեմս ներառական ծրագրում ընդգրկված Միքայելի, Գրիշայի, Հովհաննեսի և մյուսների, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Գյումրի այցի ավարտին նախագահ Սարգսյանը մոմ է վառել քաղաքի Սբ. Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում, որտեղ այդ պահին պսակադրություն էր տեղի ունենում: Նախագահը շնորհավորել է նորապսակներին և երջանկություն մաղթել նրանց:

«Գյումրին պետք է վերականգնվի, Գյումրին պետք է վերակենդանանա և գյումրեցու կյանքով ապրի, որովհետև այն ժառանգությունը, որ ունենք, յուրահատուկ է, և չենք կարող այն կորցնել,- գյումրեցի լրագրողների հետ զրույցում նշել է նախագահ Սարգսյանը, կարևորելով նաև Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելն ու զբոսաշրջիկների հոսքը մեծացնելը: - Գյումրին իր յուրօրինակ պատմությամբ շատ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ նախ և առաջ քաղաք է, որտեղ պահպանվել է հինը, որտեղ ժառանգություն է պահպանվել»:

«Երևան իմ սեր» հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին: ՀՀ նախագահը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: «Երևան իմ սեր» հիմնադրամի գործունեությունն ուղղված է Երևանի ճարտարապետական մշակութային ժառանգության վերականգնմանն ու պահպանմանը: Հիմնադրամը նպատակ է հետապնդում պահպանել և վերականգնել Երևանի ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերը, հարմարեցնել դրանք նոր և լուսավոր նպատակների և կրկին կիրառելի դարձնելով դրանք' բարելավել հաշմանդամ երեխաների, երիտասարդների և անապահով ընտանիքների կենսապայմանները և կյանքի որակը: