9 նոյեմբերի 2018 - 12:50 AMT
Նոյեմբերի 11-ին ՀՀԿ-ն կորոշի ԱԺ արտահերթին մասնակցության հարցը

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը կհրավիրվի նոյեմբերի 11-ին: Այդ մասին հայտնել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Նիստը տեղի կունենա ՀՀԿ կենտրոնական գրասենյակում», - ասել է Շարմազանովը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ խորհրդի նիստին կմասնակցի մոտ 200 կուսակցական։ Շարմազանովը հավելել է, որ դեռևս ժամ հստակեցված չէ։

Այդ օրը որոշվելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հարցը։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կարծիք էր հայտնել, որ ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով»,-ասվում է գրառման մեջ:

ԱԺ արտահերթ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ին: