9 նոյեմբերի 2018 - 17:49 AMT
Թուրքիան զբոսաշրջիկների համար ամենաանբարենպաստ երկրներից է ճանաչվել

Մեծ Բրիտանիայի Which? սպառողների ասոցիացիայի աշխատակիցները կազմել են ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրների ցանկը: Մասնագետները վերլուծել են 20 ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունները 4 չափանիշով՝ հանցավորության մակարդակ, սպառնալիք առողջությանը, ահաբեկչության հավանականություն և տարերային աղետներ:

Զբոսաշրջիկների համար ամենաանբարենպաստ վայրերն են համարվել Թուրքիան և Հարավային Աֆրիկան: Այդ երկրներում բարձր է հանցավորության մակարդակը, ինչպես նաև վիրուսներով վարակվելու վտանգը:

Բոլոր պարամետրերով զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկիր է ճանաչվել Իսլանդիան: Իսլանդիային հաջորդում է ԱՄԷ-ն, սակայն Իսլանդիայի համեմատ, այդ երկրում ահաբեկչության վտանգն ավելի մեծ է: Երրորդ տեղում է Սինգապուրը, որին հաջորդում են Իսպանիան և Ավստրալիան, գրում է Lenta.ru-ն:

Սեպտեմբերին Numbeo ծառայությունը, որը համեմատում է աշխարհում հանցագործությունների վիճակագրությունը, հրապարակել էր 2018-ի ամենաանվտանգ քաղաքների ցանկը: Ծառայության մասնագետները վերլուծել էին հանցավորության մակարդակը 327 քաղաքում և ամենաանվտանգ քաղաք էին ճանաչել ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին: