9 նոյեմբերի 2018 - 18:33 AMT
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն

Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն՝ սահմանելով երկու ռեկորդ, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը:

21-ամյա Մարտիրոսյանը հրում վարժությունում 230 կիլոգրամանոց ծանրաձող է բարձրացրել, ապա գլխավերևում պահել 240 կիլոգրամը՝ սահմանելով ինչպես երկամարտի (435 կգ), այնպես էլ հրում վարժությունում աշխարհի ռեկորդ:

Սիմոն Մարտիրոսյանը 2016 թվականի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի 2017 թվականի չեմպիոն: Իսկ 2014 թվականին դարձել էր պատանեկան Օլիմպիական խաղերի հաղթող: