13 նոյեմբերի 2018 - 13:11 AMT
2019-ին Մտքերի գագաթնաժողովը Հայաստանում կանցնի

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովի (Summit of Minds) գլխավոր գործընկեր, The Monthly Barometer վերլուծական հանդեսի համահիմնադիր և հեղինակ Թիերի Մալերեթի հետ։

Մտքերի գագաթնաժողովը նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին եւ հայտնի է «փոքր Դավոս» անվամբ:

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել 2019-ին Հայաստանում նմանատիպ համաժողով անցկացնելու վերաբերյալ։

Մտքերի գագաթնաժողովը հեղինակավոր հարթակ է, որտեղ համաշխարհային խոշորագույն ընկերությունների ղեկավարները, ներդրողները քննարկում են համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին, ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր։