ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկալի է համարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանման ու վերականգնման աշխատանքներին: Այդ մասին նա ասել է Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ հանդիպմանը:
Հանրապետության նախագահը ուշադրություն է հրավիրել Գյումրի քաղաքի հնագույն և հարուստ մշակութային ժառանգությանը, պատմաճարտարապետական արժեքավոր շինություններին: Նախագահը նշել է, որ դրանցից շատերը գտնվում են բավականին անմխիթար վիճակում: Այդ առումով քննարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ Գյումրիում պատմամշակութային արժեք ունեցող որևէ կառույցի վերականգնման հնարավորությունները:
Հանրապետության նախագահը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են նաև կազմակերպության շրջանակում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ՀՀ մշակույթն ու արժեքներն այս կառույցում լավագույնս ներկայացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Իրաքի Մոսուլ քաղաքի մշակութային ժառանգության վերականգնմանը նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությանը։ Այդ համատեքստում քննարկվել է նախաձեռնության շրջանակում Երևանի Մատենադարանի հետ համատեղ ծրագրի իրագործումը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերն ու հաջողված փորձը Սիրիայի փախստականների ինտեգրման, այդ թվում կրթության իրավունքի ապահովման հարցում։
Կողմերն ընդգծել են մշակութային և կրթական համատեղ ծրագրերի միջոցով մշակութային բազմազանության, համամարդկային արժեքների և հանդուրժողականության խրախուսման անհրաժեշտությունն ու կարևորությունը:, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: