14 նոյեմբերի 2018 - 12:03 AMT
ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի

Նոյեմբերի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա ևՀերցեգովինա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Հարրի Օ’Կոնորը (Իռլանդիա):

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ փոխգնդապետ Ալեքսանդր Նեպոկրիտիխը (Ռուսաստան), հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 800 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: