15 նոյեմբերի 2018 - 10:49 AMT
Բակո Սահակյան. Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումն Արցախի հիմնական ուղղություններից է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ: Քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը՝ շնորհակալություն հայտնելով շրջանակի անդամներին երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերի համար, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Բակո Սահակյանը Փարիզում հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Արցախի և Հայաստանի դիվանագիտական առաքելությունների սերտ փոխգործակցությունը՝ այն համարելով նախանշված ծրագրերի հաջող իրականացման անհրաժեշտ պայման:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին ժամանել է Փարիզ:Այցն աշխատանքային է: