15 նոյեմբերի 2018 - 11:50 AMT
Վիգեն Սարգսյան. Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում, ամենագլխավորն Արցախն է

Կան հարցեր, որոնցում ՀՀԿ-ն լինելու է անզիջում և դրանցից առաջինն ու ամենագլխավորն Արցախն է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն լինելու է կառուցողական և երկխոսության պատրաստ ընդդիմություն:

Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն՝ ունենալով Արցախի անվտանգ ապագան և կայուն զարգացումն որպես իր օրակարգի 1-ին կետ:

«Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիր չէ: Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն է: Ընդ որում, ոչ էլ միակ հարցն է` էլի են լինելու: Միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, Ազգ-բանակ դառնալով ենք ի վիճակի լինելու առերեսվելու այդ վտանգներին: Չի՛ կարող լինել մասնակի լուծում: Չի՛ կարող լինել միակողմանի զիջում: Պատերազմի և խայտառակության միջև երբեք չե՛նք ընտրելու խայտառակությունը, քանի որ այդ դեպքում ստանալու ենք երկուսն էլ...ՀՍԿԵԼՈՒ ԵՆՔ:»,-ասվում է գրառման մեջ:

Վիգեն Սարգսյանը գլխավորում է ՀՀԿ ցուցակը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում:

Նոյեմբերի 11-ին, ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո, ՀՀ ՊՆ նախկին նախարար, ՀՀԿ նախագահի նորընտիր առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին։