15 նոյեմբերի 2018 - 15:25 AMT
45 բնակելի շենքի տանիքին արևային կայան կտեղադրվի

Երևանի քաղաքապետարանը շրջանառության մեջ է դրել մայրաքաղաքի զարգացման 2019 թվականի ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է 45 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր՝ ապահովելով տվյալ շենքերի վերելակների, ընդհանուր օգտագործման և բակային տարածքների լուսավորության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի արտադրությունը:

«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի շրջանակում նախատեսվում է վերոնշյալ շենքերի շքամուտքերում (առաջինից մինչև վերջին հարկ) և բակային տարածքներում տեղադրել ժամանակակից էներգախնայող LED լուսատուներ:

Կներդրվի նաև տվյալների առցանց հավաքագրման և վերլուծության մոնիթորինգային համակարգ:

Ծրագրի նպատակն է էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցով կրճատել բնակիչների էներգետիկ ծախսերը, նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և բարձրացնել հարմարավետության մակարդակը արդյունքում նպաստելով բնակիչների կյանքի որակի բարելավմանը: