15 նոյեմբերի 2018 - 16:25 AMT
Վճռաբեկը քննում է Քոչարյանի պաշտպանների և դատախազության բողոքները

Վճռաբեկ դատարանը քննում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և ՀՀ գլխավոր դատախազության բողոքները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նիստը նախագահում է դատավոր Լիլիթ Թադևոսյանը. վերջինիս որոշմամբ այն անցկացվում է դռնփակ:

Ավելի վաղ՝ հուլիսի 26-ին, Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության վկայի կարգավիճակում։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը:

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի, ինչի արդյունքում նա ազատ էր արձակվել կալանքից:

ՀՀ գլխավոր դատախազությունն այժմ վիճարկում է Վերաքննիչ դատարանի որոշումը. Քոչարյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդություն են ներկայացրել Վճռաբեկ՝ նրա նկատմամբ խափան միջոց չկիրառելու պահանջով: