16 նոյեմբերի 2018 - 10:34 AMT
Սահակյանը երախտապարտ է Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդին Արցախի հանդեպ ուշադրության համար

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն Արցախ-Ֆրանսիա կապերն է քննարկել Փարիզում Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի համանախագահության հետ:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդին Արցախին հատուկ ուշադրություն դարձնելու համար՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր աստիճանը կպահպանվի նաև ապագայում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Արծարծվել են նաև ներքին և արտաքին քաղաքականությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Փարիզում այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Ֆրանսիայում կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների հետ՝ Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ գործընթացում ընդգրկված կամավորների հետ:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի աշխատակիցներին եւ կամավորներին Արցախին մշտապես օգնելու համար՝ այն համարելով հայրենասիրության և արհեստավարժության օրինակելի դրսևորում:

Հանդիպմանը մասնակցում էին Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, պաշտոնատար այլ անձինք: