16 նոյեմբերի 2018 - 12:57 AMT
Խաղացողներին կպարտադրեն բուքմեյքերական շահումից եկամտահարկ վճարել

Կառավարության կողմից առաջարկվող հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը ենթադրում է էապես փոփոխել շահումով խաղերի ու բուքմեյքերների հարկման մեխանիզմները՝ այդ թվում, հարկելով դրանցից օգտվողներին։

Առաջարկվում է, մասնավորապես, հարկել խաղացողների շահումները եկամտային հարկով։ Այն հաշվարկելու և պահելու պարտավորությունը կրում են շահումով խաղերի և տոտալիզատորների (այդ թվում՝ ինտերնետային) գործունեության կազմակերպիչները՝ որպես հարկային գործակալ:

Իսկ բուքմեյքերները, տոտալիզատորներն ու շահումով խաղերի այլ կազմակերպիչները կտեղափոխվեն հարկման ընդհանուր համակարգ (այժմ նրանց կողմից մուծվող հարկերի ծավալն ուղղակիորեն կախված չէ նրանց եկամուտներից, կարգն, այդպիսով, վերանալու է)։

ՀՀ-ում, ըստ ԱԺ-ում հնչեցրած հաշվարկների, մոտ 2000 խաղամոլ կա։ 2018-ի հունվար-սեպտեմբերին շահումող խաղերի (ներառյալ կազինոները, վիճակախաղերը, բուքմեքերները) կազմակերպիչները մոտ 267 մլրդ դրամ շրջանառություն են ունեցել, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 35,6%: