16 նոյեմբերի 2018 - 16:18 AMT
429 մանկապարտեզում ստուգել են մատակարարվող սննդամթերքի որակն ու պահպանման պայմանները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հսկողական շրջայցեր և պետական վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Հայաստանի 429 նախադպրոցական ուսումնական հաստատությունում՝ ուսումնասիրելու հաստատություններին մատակարարվող և իրացվող սննդամթերքի պիտանիության ժամկետների, պահման պայմանների և հիգիենայի համապատասխանությունը օրենքի պահանջներին, հայտնում է ՍԱՊԾ մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ որոշ հաստատություններ ունեն վերանորոգման կարիք, խոհանոցներն անբարեկարգ են, գույքը` հնամաշ է։

Մի շարք մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել սահմանված նորմերին, բացակայել է անհրաժեշտ գույքը, չեն իրականացվել պայքարի պատշաճ միջոցառումներ միջատների, ճանճերի, կրծողների, ուտիճների դեմ, իսկ բժշկական զննության գրքույկներում պարբերական բժշկական հետազոտությունների մասին տեղեկատվությունը եղել է թերի։

Մատակարարված սննդամթերքի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են մակնշման անհամապատասխանություններ, հացի համար տեղեկատվական թերթիկի, ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագրերի բացակայություն: Հայտնաբերվել է նաև տնային պայմաններում արտադրված սննդամթերք, իսկ որոշ մթերքների լաբորատոր փորձաքննությունների արդյունքերը ցույց են տվել մանրէաբանական ցուցանիշների անհամապատասխանություններ։

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տեղում տրամադրվել է անհրաժեշտ իրավական և մասնագիտական խորհրդատվություն, տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ։ Թերությունների վերացման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ, որոշ մանկապարտեզներում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ։

Տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մատակարարների հետ աշխատանքները շարունակվում են։