17 հունիսի 2008 - 19:26 AMT
Սեյրան Օհանյանն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ ուժեր ստեղծելու հարցեր
Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարության հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հավաքական անվտանգության համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ շրջանակներում խաղաղապահ գործունեությանը, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաուսումնական եւ ռազմատնտեսական համագործակցությանը նպաստող հարցեր: Քննարկվեցին նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների կայանալիք հերթական նիստի օրակարգային հարցեր. ի դեպ, այս անգամ խորհրդի նախագահությունը ստանձնելու է Հայաստանը:

Հանդիպմանը կարեւորվեց հատկապես «Ռուբեժ 2008» հրամանատարաշտաբային զորավարժության անցկացումը, ինչպես նաեւ քննարկվեցին կազմակերպչական որոշ հարցեր: Կողմերն անդրադարձան նաեւ Միացյալ ռազմական համակարգերի ստեղծմանն ու գործունեությանն առնչվող խնդիրների: