19 նոյեմբերի 2018 - 12:49 AMT
Բակո Սահակյանն ԱՄՆ-ում Արցախի զարգացման հարցեր է քննարկել ՀՕՄ-ի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում Արցախի զարգացման հարցեր է քննարկել Հայ օգնության միության (ՀՕՄ) Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության անդամների և ատենապետուհի Սիլվա Փոլադյանի հետ:

Ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ՀՕՄ-ին՝ Արցախին մշտապես սատարելու համար, նշելով, որ Արցախում խորը հարգանք են տածում կազմակերպության նկատմամբ:

Հանդիպմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼոսԱնջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ադրբեջանում ծանր են տանում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի արտերկրյա ուղևորությունները: Այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ «դատապարտելով» Սահակյանի այցն ԱՄՆ: Ըստ ԱԳՆ հայտարարության, Ադրբեջանը դիվանագիտական ուղիներով բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու վերաբերյալ: