19 նոյեմբերի 2018 - 13:52 AMT
«Կոմերսանտ». «Բուքմեյքերները կարող են խաղադրույք ընդունել Լուկաշենկո- Փաշինյան մենամարտի արդյունքով»

«Կոմերսանտ» թերթը հերթական անգամ անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին՝ նշելով, որ Հայաստանի և Բելառուսի ջանքերով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման ձանձրալի կադրային հարցը վերածվել է դիտարժան մենամարտի: Ըստ պարբերականի, քաղաքական ծանր քաշային Ալեքսանդր Լուկաշենկոն դուրս է եկել հեռանկարային նորեկ Նիկոլ Փաշինյանի դեմ:

«Երևակայական ռինգ մրցակիցները դուրս կգան դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում, որտեղ անցնելու է ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը»,-գրում է թերթի հատուկ թղթակիցը՝ հավելելով, որ բուքմեյքերական գրասենյակները կարող են խաղադրույքներ ընդունել Լուկաշենկո-Փաշինյան մենամարտի արդյունքի վրա:

Հիշեցնելով հարցի պատմությունը՝ թղթակիցը գրում է, որ Երևանի և Մինսկի փոխադարձ բավականին խիստ և կտրուկ հայտարարություններից հետո Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովը լինելու է ուշադրության կենտրոնում:

«Նրանցից յուրաքանչյուրի համար հաղթանակն ավելի արժեքավոր է բուն պաշտոնից և ՀԱՊԿ իմիջից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը շատ առումներով տեխնիկական է, քանի որ բոլոր սկզբունքային հարցերը լուծվում են 6-յակ պետությունների ղեկավարների կողմից: Սակայն քաղաքականության մեջ, հատկապես, միջազգային, մանրուքներ չեն լինում, իսկ խորհրդանիշներն ու փիարը երբեմն ավելին են, քան իրականությունը: Ներկայիս սրացումը ՀԱՊԿ ներսում հենց այդ դեպքերից է»,-գրում է թերթը:

Հեղինակը նշում է, որ Լուկաշենկոն, որը սովոր չէ զիջելու, իր տրամաբանությունն ունի՝ նա իր թեկնածուն ունի, և հետո, ինչպես երևում է Բելառուսի ԱԳՆ կոշտ հայտարարությունից, «տանուլ տալ այնպիսի մրցակցի, ինչպիսին Փաշինյանն է, Լուկաշենկոյի համար նվաստացուցիչ է՝ գրեթե քառրոդ դա նախագահության ժամկետում նա Բելառուսում այնպես է արել, որ Փաշինյանի նման մրցակիցները շանս չունենան իշխանություն ստնալու, առավել ևս փողոցի օգնությամբ»:

«Բելառուսի նախագահը վաղուց է բարձրագույն լիգայում և սովոր է ինքը սահմանել խաղի կանոնները: Նույնը կարելի է ասել ՌԴ, Ղազախստանի և Տաջիկստանի նախագահների մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նրանց համար օտար է՝ նա չի ստեղծել իշխանական սրբազան բուրգ, չունի ապարատային պայքարի և իշխանությունը պահպանելու փորձ, նույնիսկ դեռ չի հաղթել ընտրություններում, իսկ եթե հաղթի, դեռ հայտնի չէ, թե ինչ տոկոսով: Ընդ որում Փաշինյանն անընդհատ խոսում է ժողովրդավարությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, դեռ ելույթներ է ունենում հանրահավաքներում: Դա չի կարող զգուշավորություն չառաջացնել: ՀԱՊԿ կոչվող ակումբում նա ընկալվում է եթե ոչ որպես հակառակորդ, ապա նաև ոչ դաշնակից: Եվ հետո նա արդեն մեկ անգամ հարվածի տակ է դրել բոլորին՝ սկսելով Խաչատուրովի հետ կապված այդ պատմությունը, որն ընկալվեց որպես լուրջ հարված կազմակերպության հեղինակությանը»,-գրում է թերթը:

Նշվում է, որ Փաշինյանն էլ իր շահն ունի՝ նա կցանկանար դեկտեմբերի 6-ին Երևան վերադառնալ գլխավոր քարտուղարի պաշտոնով, քանի որ արդեն դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրություններ են: «Բայց եթե այդ պաշտոնը բաժին հասնի Բելառուսին, Փաշինյանի ընդդիմախոսները կաշխատեն առավելագույնս օգտվել այդ բացթողումից քվեարկությունից մեկ օր առաջ, իսկ հետո դեռ երկար կհիշեցնեն այդ մասին»,-ասվում է հոդվածում:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը կտրուկ քննադատել է Բելառուսի ու Ղազախստանի առաջնորդների պահվածքն Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո։ Փաշինյանը դժգոհություն է հայտնել Մինսկի և Բաքվի միջև ՀԱՊԿ օրակարգի հարցեր քննարկելու ու Նազարբաևի՝ Աստանայում արված հայտարարությունների վերաբերյալ։Նա նշել է, որ բացատրություններ է պահանջելու նաև Նազարբաևից, ում հայտարարությունը այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնում է Բելառուսին, հակասել է կողմերի պայմանավորվածությանը։

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Բելառուսից բացատրություններ պահանջելու վերաբերյալ:Գլազը հայտարարել է, որ մեծ քաղաքականության մեջ ընդունված է ղեկավարվել ոչ թե «փողոցային ժողովրդավարության կանոններով, այլ դիվանագիտական ընթացակարգի հստակ նորմերով»:«Հավանաբար, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն դրել է միջազգային դատախազի տեղ, որն իրավասու է պատժել կամ ներել»,-ասել է Գլազը