19 նոյեմբերի 2018 - 15:09 AMT
Համաեվրոպական հեռախոսամարաթոնում հանգանակվել է 1,242,460 եվրո

Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի հայությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնի շրջանակում հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո:

Հեռախոսամարաթոն-2018-ը մեկնարկել է Մարսելից՝ ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետև ֆոնեթոնի էստաֆետը վերցրել են Շվեյցարիայի, Գերմանիայի, Հունաստանի հայերը: 2018-ի հեռախոսամարաթոնի մասնակիցների թիվը ավելացել է 700-ով՝ հատելով 10. 000-ի սահմանը, հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Համահայկական հիմնադրամի Հեռախոսամարաթոն-2018-ի գումարներն ուղղվելու են Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, Արցախում արևային էներգիայի ներդրմանը, նաև Հալեպի հայերի կարիքներին:

Համաեվրոպական Հեռախոսամարաթոն 2018-ի արդյունքներն ըստ տարածաշրջանի. Փարիզ՝ 686 162 եվրո, Մարսել՝ 207 149 եվրո, Լիոն՝ 177 988 եվրո, Թուլուզ՝ 66 447 եվրո, Ֆրանսիա ընդհանուր՝ 1 137 746 եվրո, , Գերմանիա՝ 73 845 եվրո, Շվեյցարիա՝ 19 717, եվրո, Հունաստան՝ 11 150 եվրո: