22 նոյեմբերի 2018 - 11:03 AMT
Դավիթ Վիրաբյանը հետ է կանչվել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահը Դավիթ Վիրաբյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Դավիթ Վիրաբյանին հետ կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից», - մասնավորապես ասվում է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Վիկտոր Բիյագովը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մոսկվա):

Ավելի վաղ Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Նա մեղադրյալ է Մարտի 1-ի գործով: