22 նոյեմբերի 2018 - 10:57 AMT
ՀՀ որոշ ճանապարհներին ձյուն է և մառախուղ, Լարսը փակ է ծանրաքաշերի համար

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Մեղրիի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ստեփանավանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է, հայտնում է նախարարությունը: