22 նոյեմբերի 2018 - 13:07 AMT
Գլխուղեղի իշեմիկ կաթվածի բուժման ծրագրում տարեկան 250 շահառու կընդգրկվի

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է, որ 2019 թվականի պետական բյուջեի նախագծող գլխուղեղի իշեմիկ կաթվածի մասնագիտական բուժման ծրագրին ֆինանսավորում կտրվի:

Ծրագիրը տարեկան 250 շահառու կունենա, 400 մլն դրամ գումար կծախսվի: Այն ուժի մեջ կմտնի 2019 թվականի փետրվարի 1-ից:

Նախարարի խոսքով՝ պետական բյուջեի առողջապահական մասով աճի մի մասը դրվելու է անհետաձգելի բուժօգնության վրա:

«Խոսքը ինտերվենցիոն բուժման մասին է, երբ հատուկ դեղերի և հատուկ գործիքների միջոցով կբացվի տրոմբը և գլխուղեղի կաթվածի խորացումը կկանխարգելվի: Պացիենտը մեծ հավանականությամբ կխուսափի երկարատև հաշմանդամությունից, շատ դեպքերում կփրկվի նրա կյանքը: Բուն բուժական պրոցեսը տեղի է ունենալու երկու բուժկենտրոններում, որոնք հենց այս պահին կարողանում են այդ ծառայությունները մատուցել՝ Էրեբունիում ու Համալսարանական հիվանդանոցում»,- ասել է նախարարի պաշտոնակատարը: