22 նոյեմբերի 2018 - 14:25 AMT
Yandex.Taxi-ն միանգամից 3 մեքենայի կանչ կգրանցի. Դեռևս միայն ՌԴ-ում

Yandex Taxi հավելվածն այժմ նոր գործառույթ ունի, որը թույլ է տալիս միանգամից 3 ավտոմեքենա կանչել: Այդ մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Նոր ծառայությունը դեռևս միայն Ռուսաստանում է գործում:

Ծառայությունը հարմար է հատկապես մեծ խմբերի համար, որոնք չեն տեղավորվում մեկ մեքենայի մեջ: 2 կամ միանգամից 3 տաքսի կարելի է պատվիրել նույն կամ տարբեր հասցեներով: Ուստի մի քանի մեքենայով հնարավոր կլինի ոչ միայն մեկնել, այլ նաև ժամանել:

«Միաժամանակ մի քանի ուղևորության հետևելը մեկին հետևելուց բարդ չէ: Հավելվածում երևում է, թե երբ սկսվեց և ավարտվեց ուղևորություններից յուրաքանչյուրը»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Միանգամից մի քանի մեքենա կանչելու համար օգտատերը պետք է մուտք գործի հավելված և կանչի առաջին տաքսին, որից հետո հավելվածում կհայտնվի «ևս մեկ տաքսի» գործառույթը: Վճարել կարելի է ինչպես կանխիկ, այնպես էլ բանկային քարտով:

Ընկերությունը նոր ծառայությունը փուլերով կգործարկի: Այն աստիճանաբար մատչելի է դառնում ՌԴ օգտատերերին iOS-ի համար հավելվածի նոր տարբերակում: Android-ի համար թարմացումն ու գործարկումը մյուս երկրներում, այդ թվում Հայաստանում, ընկերության առաջիկա ծրագրում է: