Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը Յըլդըրըմ Բեյազիթի անվան համալսարանում տեղի ունեցած «Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները. Կերտելով ապագան» խորագրով գիտաժողովի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն սերտ գործակցել են Արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, սակայն «այլ ուժերի միջամտությամբ գործընթացը տապալվել է»:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ, Քալընը շեշտել է, որ ՌԴ-ն կարևոր դերակատարություն ունի հակամարտության կարգավորման գործում, միևնույն ժամանակ, նա անարդյունավետ է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը գործընթացում:
Ըստ Էրդողանի մամուլի քարտուղարի, Թուրքիան «մի քանի անգամ փորձել է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում և վերջ դնել Հայաստանի շրջափակմանը»: Նա դարձյալ պնդել է, որ Հայաստանը պետք է հանձնի «գրավյալ տարածքներն» Ադրբեջանին, և որ դրանից «հայկական կողմը միայն կշահի»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում է առաջարկում։ Նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։