23 նոյեմբերի 2018 - 11:41 AMT
Հայրապետյան. 7 ամսում ավելի քան 450 ընտանիք է հայրենադարձվել

Մայիսից սկսած, 2018թ. 7 ամիսների ընթացքում Հայաստան է հայրենադարձվել ավելի քան 450 ընտանիք: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփելով իր պաշտոնավարման ժամանակահատվածն, ասել է սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը։

«Սրանք միայն այն ընտանիքներն են, որոնք կապվել են մեզ հետ, այսինքն այս թիվը չի ներակայացնում իրականությունն ամբողջությամբ։ Կարծում ենք, որ թիվն անհամեմատ մեծ կլինի», - ասել է սփյուռքի նախարարի պաշտոնակատարը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում հայրենադարձ ընտանիքներին տրամադրվել է իրավաբանական օգնություն։

«Նշեմ, որ Հայաստան ամենաշատը վերադարձել են Ռուսաստանից, Իրանից և Միացյալ Նահանգներից», - ասել է նախարարի պաշտոնակատարը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ կառավարության համար կարևոր առաջնահերթություն է մեծ հայրենադարձության հարուցումը, որը հնարավորություն կտա լուծել ժողովրդագրական խնդիրներ, ազգային անվտանգության խնդիրներ, ինչպես նաև ճշգրտել ՀՀ գործնական դերակատարումը:

Մայիսին նախարարի պաշտոնակատարը հայտարարել էր, որ հայրենադարձություն կազմակերպելու համար կարևոր գործոններից է լինելու ինտեգրման ռազմավարության մշակումը: «Այն հայը, ով մեր հայրենադարձության ծրագրով եկավ Հայաստան, պետք է անպայման ինտեգրվի մեր հասարակությանը»,-ասել էր նա: