24 նոյեմբերի 2018 - 12:15 AMT
ՀՀ նախագահը Բեռլին կմեկնի. Մերկելը ցանկացել է շարունակել շփումը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նոյեմբերի 28-ին Բեռլինում կընդունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Նա հավելել է, որ Մերկելը ցանկացել է շարունակել շփումը, որը սկսվել է Մերկելի Հայաստան այցի ժամանակ, հայտնում է SWI swissinfo.ch-ն:

«Չորեքշաբթի կանցլերը կընդունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, բանակցություններ տեղի կունենան»,-ասել է Զայբերտը Բեռլինում: Ըստ նրա, դա կլինի Սարգսյանի պաշտոնական այցը, որպես օգոստոսին Մերկելի Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ քաղաքական գործիչների միջև շփման շարունակությունը:

«Մերկելը ցանկացել է շարունակել այդ փոխանակումը: Խոսք կգնա երկկողմ համագործակցության, խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում տիրող իրավիճակի, ինչպես նաև միջազգային հարցերի մասին»,-ասել է Գերմանիայի կառավրության ներկայացուցիչը:

Օգոստոսին, ողջունելով կանցլեր Անգելա Մերկելին Հայաստանում, նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ այդ պատմական այցը նոր հորիզոններ կբացի հայ-գերմանական հարաբերությունների զարգացման համար:

Մերկելն իր հերթին ասել էր. «Մենք ցանկանում ենք մեր մասնակցությունն ունենալ Հայաստանի կողմից հայտարարված բարեփոխումներին, ուշադրությամբ հետեւում էինք գարնանը ձեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին և գործընթացներին: Պատրաստ ենք շարունակել համագործակցել այս թերևս դժվարին, բայց կարևոր ճանապարհին»: