24 նոյեմբերի 2018 - 15:47 AMT
Expo-2025-ը Բաքվում չի անցնի. Օսական է հաղթել

Ճապոնական Օսական նվաճել է Expo-2025 համաշխարհային ցուցահանդեսն անցկացնելու իրավունքը: Այդ քաղաքի թեկնածության օգտին է քվեարկել Փարիզում գործող Միջազգային բյուրոյի անդամների մեծամասնությունը:

Expo-2025-ի անցկացմանը հավակնում էին նաև Բաքուն և Եկատերինբուրգը: Նոյեմբերի 23-ին բոլոր թեկնածուները կարող էին ներկայացնել իրենց առաջարկների վերջնական շնորհանդեսները, գրում է Deutsche Welle-ն:

Expo համաշխարհային ցուցահանդեսները, որոնք մոտ կես տարի են տևում և միլիոնավոր դոլարներ արժեն, թույլ են տալիս կենտրոնացնել համաշխարհային հանրության ուշադրությունը կազմակերպիչ քաղաքի վրա և գրավել բազմաթիվ զբոսաշրջիկների:

Քվեարկության առաջին փուլը թույլ չէր տվել ի հայտ բերել ակնհայտ հաղթողին: 2-րդ փուլում Օսական հավաքել է 92 ձայն, Եկատերինբուրգը՝ 61:

Օսական մեկ անգամ արդեն ընդունել է Expo-ն 1970-ին: