20 հունիսի 2008 - 17:19 AMT
ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի որոշումը Կոսովոյում հայ խաղաղապահների թվաքանակի մեծացման մասին
Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է անցկացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ս.թ. մայիսի 28-ին 26+1 (ՆԱՏՕ - Հայաստան) ձեւաչափով կայացած Հյուսիս-Ատլանտյան խորհրդի նիստի արդյունքները, ասելով, որ Հայաստանը կարեւորում է այդ ձ-աչափով շարունակական խորհրդատվությունների անցկացումը:

ՀՀ արտգործնախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անդրադարձան նաեւ խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանը: Յաապ դե Հուպ Սխեֆերը բարձր գնահատեց Կոսվոյում հայ խաղաղապահների թիվը կրկնապատկելու մասին Հայաստանի խորհրդարանի որոշումը: Նախարար Նալբանդյանը նշեց նաեւ, որ Հայաստանը գնահատում է ՆԱՏՕ-ի - անդամ երկրների կողմից Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման համար ցուցաբերվող աջակցությունը: Պարոն Սխեֆերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը պատմեց Սանկտ-Պետերբուգում Հայաստանի եւ Արդբեջանի նախագահների հանդիպման արդյունքների մասին: