27 նոյեմբերի 2018 - 10:54 AMT
Փաշինյանը՝ Միքայելյանին քննադատողներին. Զբաղվեք ձեր ծառայությամբ և չփորձեք քիթներդ խոթել քաղաքականության մեջ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով դաշինքից պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանին քննադատողներին, հորդորել է չոգևորվել, զբաղվել ծառայությամբ և չփորձել քիթը խոթել քաղաքականության մեջ:

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Թալինում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ Թավշյա հեղափոխությունն «Արցախյան ազատամարտից ավելի կարևոր էր»:

«Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»,- ասել է նա:

«Չեմ հասկանում ոմանց ոգևորությունը Սասուն Միքայելյանի հայտարարության կապակցությամբ: Իհարկե, Սասուն Միքայելյանն էլ զգաց, որ մի փոքր ոչ այնքան ճշգրիտ ու ոչ այնքան հաջող ձևակերպում է արել, և ինքն էլ ուղղեց իր ձևակերպումը, ասելով, որ նկատի ուներ՝ ապրիլյան հեղափոխությունը շատ կարևոր էր Արցախյան ազատամարտի արդյունքները արձանագրելու առումով և ոչ թե հակառակը: Չեմ հասկանում՝ այս ճշգրտումներից հետո ինչու՞ են ոմանք առանձնապես ոգևորվել: Հիշեցի մեկ-երկու խորհրդակցություն, երբ հայտարարել էի, որ ոմանց այլևս թույլ չեմ տալու, որ զինվորի սապոգների, հագուստի, ուտելիքի վրա ապօրինի փողեր աշխատեն ու անձնական հարստությունն ու բարեկեցությունը դասավորեն: Ես զարմանում են ոմանց հայտարարությունների վրա, որոնք տարիներով բերանները ջուր առած հետևել են, ոմանք էլ նույնիսկ մասնակցել են բանակի համատարած թալանին: Հիմա որոշել են վատ ձևակերպված նախադասության վրա քաղաքական աչոկներ հավաքել», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ զինվորի հացը գողացողները դատվելու են, սակայն նրանք հիմա ոգևորվել են՝ իրենց ներկայացնելով հայրենասիրական քողի ներքո:

Ըստ Փաշինյանի, կան զինվորի հաց գողացողներ, որոնք խնդրում են կարճել իրենց դեմ հարուցված քրեական գործերը:

«Նստեք հանգիստ տեղներդ, և չստիպեք մեզ, որ այդ թեմաներով ավելի բաց խոսենք: Որ 20 տարի թալանել եք բանակը, ոչինչ չի եղել, բայց Սասունի այդ մի նախադությամբ աշխարհը փուլ եկավ», - ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ Սասուն Միքայելյանի հայտարարությանն էր անդրադարձել Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը: Հ. Գ. Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից», մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին», - գրել է Հասրաթյանը։

Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «արդեն նախկին ազատամարտիկ Սասուն Միքայելյանն իր պատկերացմամբ կարևոր «պատմական» հայտարարություն է արել, Արցախյան ազատամարտում համայն հայության ձեռք բերած հաղթանակը ստորադասելով ներքաղաքական գործընթացներում ունեցած կուսակցական հաջողություններին, ասել է թե՝ հազարավոր հայորդիների թափած արյունը անարգանքի է ենթարկել:

«Դիմում եմ իմ բոլոր մարտական և զինակից ընկերներն՝ Ձեր գիտակցությունից ջնջեք «ազատամարտիկ» Սասուն Միքայելյանին», - ասել է նա:

Միքայելյանի հայտարարությանն է անդրադարձել նաև Արցախի ԱԱԽ քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:

«Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած, դրա դաժանություններն ու զրկանքները սեփական մաշկի վրա զգացած Սասուն Միքայելյանին ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում վերջին ժամանակներս կատարված հեղափոխությունը չի կարող ավելի մեծ հաղթանակ համարվել, քան Արցախյան ազգային ազատագրական պայքարն է, կամ առավել ևս՝ հայկական երկրորդ Հանրապետության կերտումը: Նմանատիպ հայտարարություններն առնվազն կասկածի տակ են դնում նման մարդկանց մասնակցությունը պետականաշինության գործին: Ցավալի է, որ նման հայտարարությունները արվում են ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարի ներկայությամբ: Սթափվե′ք, տղանե′ր», - մասնավորապես, նշել է Բալասանյանը: