27 նոյեմբերի 2018 - 17:04 AMT
Վիգեն Սարգսյան. ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարն ավելի շատ մրցակիցների վերացման է նման

Կոռուպցիայի դեմ պայքարն օրենսդրական դաշտի ստեղծումն է: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում՝ հավելելով, որ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարն ավելի շատ մրցակիցների վերացման է նման:

Նա նշել է նաև, այդ օրնեսդիր դաշտը սկսել է ձևավորվել ՀՀԿ իշխանության օրոք, և որ շատ կարևոր է կոռուպցիայի մակարդակի ընկալումը հանրության կողմից: «Նոր կառավարությանը հաջողվել է շատ կարևոր արդյունքի հասնել՝ հասարակությանը հույս տալ, որ կոռուպցիայի դեմ կոշտ պայքար է տարվելու: Բայց ինձ շատ են մտահոգում այն հայտարարությունները, թե երկրում արդեն չկա կոռուպցիա և չկան օլիգարխներ: Կարծում եմ, որ այդպես չի լինում, հրաշալի կլիներ, իհարկե, սակայն, այդպես չի լինում: Կոռուպցիայի հետ կապված խնդիրներ կան նույնիսկ այն երկրներում, որտեղ շատ ավելի կոշտ են պայքարում կոռուպցիայի դեմ և դրա համար գնդակահարում են հրապարակներում: Ես կցանկանայի հավատալ, որ դա ուղղակի ոգեշնչում է, բայց իրական արդյունքներ ես դեռ չեմ տեսնում»,-ասել է նա:

Վիգեն Սարգսյանը հիշեցրել է, որ ՀՀԿ իշխանության օրոք են մի շարք օրենքներ ընդունվել, այդ թվում ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ օրենքը, փոխվել է պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների գույքի և եկամուտների հայտարարագրման ձևը, որն առնչվում է մոտ 10,000 մարդու:

«Դա շատ լուրջ թիվ է 3 միլիոնանոց Հայաստանի համար: Սակայն կան իմպլեմենտացիայի հարցեր, որոշումներ կայացնող մարդկանց աշխատանքի վարձատրման բարձրացման հարցեր: Կոռուպցիան հաճախ շփոթում են կաշառակերության հետ, սակայն կոռուպցիան ավելի շատ որոշումներ կայացնելու ժամանակ ազդեցության լծակների օգտագործման համակարգային մեխանիզմ է: Ուստի, մարդիկ, որոնք որոշումներ են կայացնում, որոնցից կախված են դատական որոշումները, պետական աջակցությունը, տուգանքները, պետք է համապատասխան վարձատրություն ստանան: Ուղղակի գնդակահարելով ոչինչ չես փոխի: Կարելի է բղավել այդ մասին, կարելի է ցուցադրաբար նստեցնել մարդկանց, նույնիսկ չապահովելով իրավունքի տարրական նորմեր, սակայն, դժվար է ասել, թե ինչ օգուտ դա կտա: Դեռևս շատ նման է ընտրովի արդարադատության ու քաղաքական մրցակիցների դեմ պայքարի»,-ասել է Սարգսյանը:

2018 թվականի մայիս 8-ից մինչև սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հարուցվել են քրեական գործեր՝ ընդհանուր դրամական արտահայտությամբ մոտ 68.4 մլրդ դրամի չափով, որոնք կրել են պաշտոնեական դիրքի չարաշահման, յուրացման, ապօրինի հարստացման, կաշառքի և կոռուպցիոն բնույթ ունեցող այլ հատկանիշներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը: