28 նոյեմբերի 2018 - 12:21 AMT
Սարգսյանը Փաշինյանին բանավեճի է կանչում

«Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը հեռուստաբանավեճի է կանչել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:

«Պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների՝ Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ - «Իմ քայլը» ձևաչափով` 1-ին համարների մակարդակով: Առաջարկում եմ բանավեճն անցկացնել երեք հեռուստաալիքով (Հանրային և մեկական Ձեր և իմ ընտրությամբ), երկու հաղորդավարով (մեկական` Ձեր և իմ ընտրությամբ), 4–6 թեմաներով (կեսը Ձեր, կեսն էլ իմ ընտրությամբ), իրար հարցեր ուղղելու հնարավորությամբ: Հաշվի առնելով Ձեր գերծանրաբեռնվածությունը` բանավեճի օրվա ընտրությունը թողնում եմ Ձեր հայեցողության», -գրել է Սարգսյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նախընտրական քարոզարշավի ընթացքում բանավեճի մշակույթ ներդնելու մասին: