Նոյեմբերի 28-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը շարունակեցին հանդիպումները ընտրողների հետ Երևանի տարբեր վարչական շրջաններում, մարզերում, ասմունքեցին, հայտարարություններ արեցին, միմյանց բանավեճի հրավիրեցին: PanARMENIAN.Net ն ամփոփում է քարոզարշավի 3-րդ օրը:
Ով է «Սասնա ծռերի» և Փաշինյանի միջև «սեպ խրողը»
«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նախկին իշխանական մեդիան և որոշ ուժեր «փորձում են սեպ խրել» իրենց և ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջև:
Մինչդեռ, ինքը՝ Փաշինյանը, քարոզարշավի մեկնարկին անդրադառնալով «Սասնա ծռերի» հայտարարությանը, թե դեկտեմբերի 9-ին ընտրվելիք խորհրդարանը երկու տարվա կյանք է ունենալու, ասաց՝ «չշշկռվեք»:
Դուք ո՞վ եք. Մարուքյանը՝ «Ծռերին»
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը նույնպես անդրադարձավ «Սասնա ծռերի» հայտարարությանը:
«Դուք ո՞վ եք, որ որոշեք, թե այս խորհրդարանը քանի տարվա կյաքն է ունենալու», - ասաց նա:
«Ծռերը»՝ «Մենքի» և «Լուսավոր Հայաստանի» մասին
«Սասնա ծռերից» ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ «Մենք» դաշինքը և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը «տատանվող ուժեր են»:
«Անգամ հեղափոխությանն ընկրկեցին, չմասնակցեցին», -ասաց նա:
ՔՈ-ն հրավիրում է խարույկի շուրջ զրույցի
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավի երրորդ օրը նույնպես մանդարիններ բաժանեց՝ այս անգամ Շենգավիթ վարչական շրջանում: Իսկ երեկոյան քաղաքացիներին հրավիրեց խարույկի շուրջ զրույցի:
«Խաչված որպես մի նոր Հիսուս»
«Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երրորդ համար, լրագրող Արման Բաբաջայանը, ընտրողների հետ հանդիպմանն արտասանեց իր գրած բանաստեղծությունը:
Սարգսյանը՝ ՀՀԿ-ի «սև» պաստառների մասին. Ոչ Շանելն եք, ոչ էլ` Վերսաչին
«Մենք» դաշինքից Արամ Սարգսյանն Արթիկում ընտրողների հետ հանդիպմանը քննադատեց նախկին իշխող «Հայաստանի հանրապետական կուսակցությանը»: Անդրադառնալով կուսակցության «սև» նախընտրական պաստառներին՝ նա հայտարարեց, որ ՀՀԿ-ականները «ոչ Կոկո Շանելն են, ոչ էլ Ջիանի Վերսաչին»:
«Դուք գորշ եք, գորշ», - ասաց Սարգսյանը:
ՀՀԿ-ն՝ իշխանության «բոքսի տանձիկ»
Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ին նոր իշխանություններին «բոքսի տանձիկ անվանեց»:
«ՀՀԿ-ն գործող իշխանության համար կարող է լինել բոքսի տանձիկ խորհրդարանում, որ բոքս անի, ձեռքը պարապեցնի վրաները: Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման համար մեզ խորհրդարանում բոքսի տանձիկ պետք չէ, մեզ պետք է նորմալ քաղաքական միավոր, որն ունի անցած ճանապարհ և այդ ճանապարհով հանդերձ կարող է սկզբունքային ու գաղափարական հահակշիռ լինել ու երկիրը տանել առաջ», - ասաց նա:
Բանավեճի հրավեր
«Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ բանավեճի հրավիրեց Փաշինյանին: «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանն էլ արձագանքեց՝ Փաշինյանը նախկինում արդեն հայտարարել էր՝ պատրաստ է գալ բանավեճի բոլոր կուսակցությունների և դաշինքների առաջին դեմքերի մասնակցությամբ։ Իսկ միայն Սարգսյանի հետ բանավիճելու մասով նա նկատեց՝ «ինչո՞վ է Վիգեն Սարգսյանն ուրիշներից առավել»։
«80%-անոցը 4%-անոցի հետ չի բանավիճում»
Էդմոն Մարուքյանը նույնպես մեկնաբանեց Սարգսյանի՝ Փաշինյանին բանավեճին հրավիրելը: «4% ձայնի հավակնողն ինչպե՞ս կարող է բանավիճել 80% ձայն հավակնողի հետ», - մասնավորապես ասաց նա:
Մենուա Հարությունյանին Գորիսում չեն ծեծել
ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին տասնայկում ընդգրկված Մենուա Հարությունյանը արձանագրեց՝ իրեն Գորիսում չեն ծեծել:
«Ինձ Գորիսում չեն ծեծել, եթե իմ դեմ մարդ չուղարկեն` ժողովուրդը ինձ հետ կռիվ չի անի։ Ես քաղաքական տղա եմ և քննադատում եմ նրանց, ովքեր խաբում են ժողովրդին, բոլորը գիտեն, որ ես վախկոտ տղա չեմ, ինձ մանդատ տվեք, որպես ընդդիմադիր գնամ Նիկոլին քննադատեմ», -հայտարարեց Մենուա Հարությունյանը:
Բաբլոյանը առաջարկեց քարոզարշավում չքննարկել ԼՂ հարցը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում ընտրապայքարի մեջ մտած ուժերին հորդորեց նախընտրական ելույթներից հանել Արցախյան հիմանահարցի վերաբերող հատվածները:
Ծառուկյանն ասում է՝ բարեգործությամբ երկիր չես կառուցի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի երրորդ օրը Իջևանում էր: Նա ուշագրավ հայտարարություն արեց, որ միայն բարեգործությամբ երկիր չեն կառուցում, միևնույն ժամանակ հայտարարեց՝ որ «արել է, անում է և անելու է»:
«Ես իմ թիմին ասել եմ՝ հանկարծ ժողովրդից չնեղանաք, չպարտադրեք, ում կվստահեն, ում կտան իրենց ձայնը՝ կտան», - ասաց նա:
Աշոտյանն արդեն 3-րդ օրն է՝ «դռնեդուռ չընկավ»
«Հայաստանի հանրապետական կուսակցության» փոխնախագահ Արմեն Աշոտյանը քարոզարշավի մեկնարկին ասաց՝ «դռնեդուռ է ընկելու»՝ հանդիպելու ընտրողներին:
Երրրորդ օրն է՝ նա չի կատարել խոստումը:
Ալեքսանդր Սարգսյանը վերադրձնում է $30 մլն-ը, Ավետիսյանը՝ «Գոլդեն Փելեսը»
Փաշինյանը Իջևանում նախընտրական հանդիպման ընթացքում հայտարարեց, որ ՀՀ մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է Պետական գույքի կառավարման վարչություն՝ հայտնելով, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցն ուզում է նվիրել պետությանը:
Նա հայտարարեց նաև՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել պետությանը վերադարձնել իր բանկային հաշիվներից մեկում եղած $30 մլն-ը:
Ընթերցեք նաև՝ «Միքայելյանի «ասկոլկաները», Երանոսյանի «մեծահոգությունը» և «Ադրբեջանից ավելի վտանգավոր Փաշինյանը». Քարոզարշավ, օր 2-րդ»: