29 նոյեմբերի 2018 - 16:11 AMT
Իսրայելում հին մատանու վրա Պիղատոս Պոնտացու անունն են հայտնաբերել

Իսրայելցի գիտնականները վերծանել են մոտ կես դար առաջ պեղված մատանու վրայի գրությունը՝ դա Պիղատոս Պոնտացու անունն է, որը Հուդա նահանգի հռոմեացի կառավարիչն էր, և, որն, ըստ Ավետարանի, դատել է Հիսուս Քրիստոսին և դատապարտել նրան խաչելության, գրում է Իսրայելի հետազոտման հասարակության ակադեմիական հանդեսը:

Հետազոտողները կարծում են, որ մատանին, որը պատրաստված է պղնձի ձուլվածքից և թվագրվում է մ.թ.ա I դարի և մեր թվարկության I դարի կեսի միջակայքում, կարող էր պատկանել Պիղատոսին կամ նրա վարչակազմի որևէ պաշտոնյայի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մատանու վրա գինու համար նախատեսված անտիկ անոթ է պատկերված՝ բոլորված հունարեն գրությամբ, որը վերծանվում է որպես «Պիղատոս»: Այդ մատանին կարող էր պատկանել Պիղատոս Պոնտացուն կամ նրա վարչակազմի աշխատակցին, հրեայի կամ հեթանոսի,-ասվում է հոդվածում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պիղատոսը կարող էր մատանին օգտագործած լինել որպես կնիք և կարող էր լինել հեծյալների հռոմեական դասին պատկանելության նշան: Մատանին գտել էին դեռևս 1960-ականներին պալատական համալիրի պեղումների ժամանակ, որը եղել է Երուսաղեմի և Բեթղեհեմի միջև ընկած տարածքում:

«Այդ դարաշրջանից մեկ այլ Պիղատոսի չեմ ճանաչում, իսկ մատանին վկայում է, որ տերը եղել է բարձր դիրք զբաղեցնող մարդ,-մեջբերում է «Հաարեց» թերթը պրոֆեսոր Դանի Շվարցին:

Գրությունը շատ ավելի ուշ է հայտնաբերվել, երբ մատանին խնամքով մաքրել են և տարբեր ռեժիմներով լուսանկարել: